Այսօր հաստատվել է օրեր առաջ NEWS.am-ի տարածած տեղեկությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը շուտով այլ նշանակում կստանա: Այդ լուրն այսօր ճեպազրույցների ժամանակ հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, ով ասել է, թե «Մերզլյակովը դիվանագիտական այլ նշանակում է ստացել»:
Նա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել մեկ այլ տեղեկություն, ըստ որի, Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Մերզլյակովին փոխարինելու է վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող հանձնաժողովում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Յուրի Պոպովը:
«Մեր երկրի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ մեր պատվիրակներով չի որոշվում, այն որոշում է նախագահը, իրականացնում է` արտաքին գերատեսչությունը»,-ընդգծել է Նեստերենկոն:
Նշենք, որ ըստ տարածված լուրերի` Յուրի Մերզլյակովը պետք է նշանակվի Էստոնիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Նա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից:




























