2009 թվականի մայիսին իրականացվել է անշարժ գույքի 11431 գործարք, ինչը 13,3 %-ով պակաս է 2008 թվականի մայիսի համեմատությամբ, իսկ 2009 թվականի ապրել ամսվա համեմատ ավելի է 0,3 %-ով։ Այս մասին հայտնում է Անշարժ գույքի պետական կադաստրի մամուլի ծառայությունը։

Մայիսին Երևանում անշարժ գույքի գործարքների 68,7 %-ը կատարվել է բազմաբնակարան շենքերի հաշվով։ Նման գործարքների թիվը 2009 թվականի ապրիլի համեմատ աճել է 14,3 %-ով, իսկ 2008 թվականի մայիսի համեմատ նվազել 20,1%-ով։ Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2009 թվականի ապրիլ ամսվա համեմատ անշարժ գույքի քառակուսի մետրի միջին շուկայական գինը Երևանում նվազել է 4,7%-ով։

Հայաստանի մարզերում 2009 թվականի մայիսին վաճառվել է 224 բնակարան, ինչը 6,2%-ով ավելին է, քան 2009 թվականի ապրելին և 49,2%-ով պակաս, քան 2008 թվականի մայիսին։ 2009 թվականի մայիսին Հայաստանի մարզերում բնակելիների քառակուսի մետրի գները ապրիլ ամսվա համեմատ նվազել են 2,6%-ով։