«2010-ը հոբելյանական է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի համար, քանի որ այն պաշտոնապես բացվեց սրանից տասը տարի առաջ՝ 2000թ. փետրվարին»,- մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։

Նշելով, որ գրասենյակի բացմանը ԵԱՀԿ բավականին ինտեսիվ եւ քրտնաջան աշխատանք է նախորդել, նա ընդգծեց, որ Երեւանյան Բյուրոն կայացման տասը տարիների ընթացքում բախվել է բազմաթիվ խնդիրների։ «Շա՞տ է սա, թե քիչ, չգիտեմ. սակայն հոբելյանական տարում մեր բոլոր աշխատանքները կընթանան տասնամյակի նշանի տակ»,- նշեց Սերգեյ Կապինոսը՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ Հայաստանում լավ գիտեն ԵԱՀԿ, եւ դա ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, այլ նաեւ շնորհիվ այն աշխատանքների, որ ծավալում է ԵԱՀԿ կարեւորագույն ինստիտուտներից մեկը՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով բյուրոն ։

Ընդգծելով, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, Կապինոսը տեղեկացրեց, որ իրենց պարտականությունների մեջ է մտնում Հայաստանի՝ ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը հետեւելը. «ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, ինչպես նաեւ մարդկային չափորոշիչների առումով»,- տեղեկացրեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարը. «Բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու մեր բյուջեն համեստ է եւ չի կարող համեմատվել Համաշխարհային Բանկի կամ ՄԱԿ-ի ներդրումային ծրագրերի հետ, սակայն մենք մեր ուժերը ներդնում ենք ոչ այնքան նյութական ոլորտում, որքան՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների, կրոնական ազատությունների եւ նմանօրինակ այլ գործերում»,- հայտարարեց ԵԱՀԿ պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք, ընդհանուր առմամբ, արդյունավետ են աշխատում։

Կապինոսի տեղեկացմամբ, ԵԱՀԿ Բյուրոյի աշխատանքները պլանավորվում են եռամյա կտրվածքով. «Աշխատանքների կատարման համար եռամյա ռազմավարություն է մշակվում, որն ամեն տարի վերանայվում է»,- տեղեկացրեց նա՝ նկատելով, որ անցած տարի իրենց կողմից իրականացված 53 բազմաբնույթ ծրագրերի շրջանակներում ռազմաքաղաքական ծրագրերի մասով սերտ համագործակցություն են ունեցել հատկապես ՀՀ Ազգային ժողովի հետ։ «Մեր կողմից իրականացվող տնտեսական ծրագրերի շրջանակներում փորձում ենք սատարել փոքր եւ միջին բիզնեսի կայացմանը, նպաստել մրցակցային դաշտի ձեւավորմանը եւ մարզերի զարգացմանը»։

Ամփոփելով՝ Սերգեյ Կապինոսն ընդգծեց, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։