Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն է կատարել Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նախարարներ Նալբանդյանի եւ Վեստերվելլեի հանդիպումն անցել է առանձնազրույցի, ապա` ընդլայնված ձեւաչափով:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ասել է. «Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի` ԵՄ հիմնադիր եւ առաջատար երկրներից մեկի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումը եւ ամրապնդումը»: Նա նշել է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ նախագահի Գերմանիա կատարելիք առաջիկա պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում գործում է գերմանական կապիտալով առավել քան չորս տասնյակ ընկերություն, եւ համատեղ ջանքերով դրանց թիվը մոտակա տարիներին կարող է կրկնապատկվել:

Զրուցակիցներն արծարծել են նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Նախարարները քննարկել են Երևանում Գյոթեի ինստիտուտի բացման հնարավորությունը:

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձ են կատարել մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները: Երկուստեք կարեւորվել է հիմնահարցի խաղաղ կարգավորումը` 2008թ. Հելսինկիում եւ 2009թ. Աթենքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների հայտարարություններին համահունչ, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցությանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախարար Նալբանդյանը նշել է. «Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացի շարունակությունը եւ հաջողությունը, ապա պետք է զերծ մնա նախապայմանների լեզվով խոսելուց, ձգձգման արհեստական պատրվակներ փնտրելուց եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի արձանագրությունների վավերացման եւ իրականացման համար»: Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը հետամուտ է իր նախաձեռնությամբ սկսված գործընթացի առաջընթացին եւ նույնն ակնկալում է Թուրքիայից:

Նախարար Վեստերվելլեն նշել է, որ Գերմանիան ողջունել է եւ աջակից է բոլոր ջանքերին, որոնք կբերեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը: