«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մտադիր չէ 2013թ. առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այդ մասին Բաղդասարյանը հայտնել է մարտի 16-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, թե որոշումը պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության ռազմավարական ծրագիր է իրականացնում: «Այսօր մենք նախագահի հետ փայլուն համագործակցում ենք, եւ դա պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանը բարեփոխիչ է, իսկ ես քաղաքականության մեջ առաջին օրերից բարեփոխումների կողմնակից եւ նախաձեռնող եմ»,- հավաստիացրել է Բաղդասարյանը:

Նա հայտնել է, որ ՕԵԿ-ը կշարունակի իր գործունեությունը կառավարող կոալիցիայի կազմում՝ ընդհուպ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, որոնցում կուսակցությունն ակտիվ մասնակցություն կունենա: Բաղդասարյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի: «Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում կկայանան նախանշված ժամկետներում՝ 2012 եւ 2013 թվականներին»,- ասել է նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե նախընտրական քարոզչության ժամանակ ինքը նախագահի թիմին մեղադրում էր իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, իսկ այսօր համագործակցում է նրանց հետ, Արթուր Բաղդասարյանը նշել է. «Այո, նախընտրական հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում դիմացի շենքի կտուրին տարօրինակ անձինք էին կանգնած եւ տարօրինակ շարժումներ էին անում: Դա տեսել եմ ոչ միայն ես, այլեւ իմ կողքին կանգնած լրագրողները: Երբ մենք այդ մասին հայտարարեցինք բարձրախոսով, այդ անձինք թաքնվեցին: Փաստի առիթով քննություն է կատարվել, բայց ոչինչ չի հայտանաբերվել»:

Բաղդասարյանը նշել է, նաեւ, որ չէր կարող ընտրություններից հետո անցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմը, քանի որ վերջինս խոսում էր շանտաժի լեզվով. «Իսկ ես ոչ մեկին թույլ չեմ տալիս ինձ հետ խոսել այդ լեզվով»: