Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունի հավատարմագրերը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Նախագահի խոսքով` «վերջին շրջանում տնտեսության ոլորտում ձեռնարկված լուրջ քայլերի շնորհիվ` առեւտրաշրջանառության ցուցանիշներով Չինաստանն այսօր մեր երկրի երկրորդ տնտեսական գործընկերն է»:
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնումը եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Ամփոփելով հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ իր գնահատականը` նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանց շարժիչ ուժն, անշուշտ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն է:
Նորանշանակ դեսպանը ընդգծել է Չինաստանի եւ չին ժողովրդի խորը հարգանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:
Դեսպան Չանչունն ասել է, որ իր երկրի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: Նրա խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` հայ-չինական քաղաքական, տնտեսական համագործակցությունը, հումանիտար կապերը հետեւողականորեն զարգանում են, եւ այսօր արդեն տեսանելի են արդյունքները:
ՀՀ նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Նրանք նշել են, որ ավարտին է մոտենում ամենախոշոր նախագծերից մեկը` քլորոպրենային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկության կառուցումը, որի գործարկումը տնտեսական կապերի զարգացման համար լուրջ խթան կլինի:
Նախագահ Սարգսյանը նաեւ ասել է, որ Հայաստանը լավագույնս կմասնակցի «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին` ներկայացնելով ինչպես մեր երկրի հաջողությունները, այնպես էլ Հայաստանի ու Չինաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացման ներուժը:


























