Այսօր հինգշաբթի `, կառավարության նիստի օրը, ուստի կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Բողոքողների շարքում են Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, որոնք իրենց իրացված բնակարաններին համարժեք փոխհատուցում են պահանջում, խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողները, նաեւ 2001-ին Իրանի հյուսիսում վթարի ենթարկված, «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, (դրանք դադարեցվել են 2007 թվականից):

Բացի նրանցից, բողոքի ակցիա էր անցկացնում նաեւ ՀԱԿ-ի անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, ով բողոքում էր «Ա1+» հեռուստաընկերության փակման դեմ: Ոստիկանության հետ բախում տեղի չի ունեցել: