ԵՄ կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման (ԱԳՏՀԱԾ) ծրագիրը կնպաստի Հայաստանի ու Վրաստանի հայաբնակ շրջանների միջեւ գործնական կապերի խորացմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Գյումրիում, Ծրագրի հայկական եւ վրացական կողմերի պատասխանատուների, Ջավախքի, ինչպես նաեւ Վրաստանի այլ շրջաններից Գյումրի ժամանած ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ծրագիրի նպատակն է նպաստել Արեւելյան գործընկերության երկրների սահմանակից շրջաններում կայուն տարածաշրջանային համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում առկա ընդհանուր խնդիրների համատեղ լուծումներ գտնելն ու մշակելը:
Ողջունելով հյուրերին՝ Սամվել Բալասանյանը կարեւորել է վերջնական ձեւավորման փուլում գտնվող ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ոչ միայն Գյումրիի առաջընթացին, այլեւ Հայաստանի ու Վրաստանի հայաբնակ շրջանների միջեւ գործնական կապերի խորացմանը: Քաղաքապետը մասնավորապես շեշտը դրել է ծրագրի այն մասի վրա, որը վերաբերվում է տեղական համայնքների կենսապայմանների բարելավմանը, մշակույթի, կրթության եւ սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Պատասխան խոսքում ծրագրի փորձագետ Լորենցո Նավան մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել Գյումրիի քաղաքապետին ընդունելության եւ համագործակցության պատրաստակամության համար, այնուհետեւ մանրամասն ներկայացրել ծրագրի էությունն ու իրականացման փուլերը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է կառուցողական երկխոսություն եւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:





























