Ամերիկյան պատվիրակության այցն Ադրբեջան, որը նախատեսված էր սեպտեմբերի 9-ին, հետաձգվել է: Ինչպես հաղորդել են Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ այցը՝ մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: «Ցավում ենք, որ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով նախատեսված այցը չի կայանա»,-ընդգծել են դեսպանատանը:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, խոսքը Թոմաս Մելիա գլխավորած պատվիրակության այցի մասին է: Հաղորդվում էր, որ ամերիկացիները մտադիր էին այցելել Թբիլիսի՝ հանդիպելու ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այնտեղից նրանք պատրաստվում էին ուղեւորվել Բաքու՝ այնտեղ համանման հանդիպումներ անցկացնելու:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտը, հնարավոր է, մասնակից է Ադրբեջանում «հեղափոխության» նախապատրաստությանը: Haqqin.az ռեսուրսում տպագրված հոդվածում նշվում էր, որ Բաքվում NDI-ի ներկայացուցչության ներկայացուցիչ Ալեքս Գրիգորեւսը «հեղափոխությունների արտահանող է» (նախկինում նա աշխատել է Վրաստանում եւ Ուկրաինայում): Ընդգծվում է նաեւ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նա իր հաշվեհամարից մեծ գումարներ է հանել, ինչը, իբրեւ թե, տեղի է ունեցել ընդդիմադիր հանրահավաքների նախաշեմին:

 Ադրբեջանական դատախազությունը այդ հոդվածի հրապարակումից հետո ԱՄՆ դեսպանատուն բողոք է ուղարկել՝ NDI-ին մեղադրելով մի շարք ադրբեջանական օրենքներ խախտելու մեջ: Դեսպանատունը, իր հերթին, NDI-ին պաշտպանելով է հանդես եկել:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: Գործող նախագահ Իլհամ Ալիեւն առաջադրվելու է 3-րդ անգամ: