Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատան եւ փոխնախագահ Ուիլյամ Ռուտոն հայտնել են Հաագայի Միջազգային քրեական դատարան կամավոր ներկայանալու իրենց մտադրության մասին: Նրանք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար:

BBC News-ը հայտնում է, որ նախագահն ու փոխնախագահը հերքում են որեւէ հանցագործությանն իրենց  մասնակցությունը՝ հայտարարելով, որ 2007թ. Քենիայում անկարգությունները եւ զանգվածային սպանությունները կազմակերպել էին «արտասահմանյան ուժերը», այլ ոչ թե իրենք: 

Առաջինը Նիդեռլանդներ է ուղեւորվել Ռուտոն: Սպասվում է, որ Քենյատան դատարան կմեկնի նոյեմբերին` փոխնախագահի վերադառնալուց հետո: Ըստ Քենիայի օրենքների` նախագահն ու փոխնախագահը միաժամանակ չեն կարող գտնվել երկրի սահմաններից դուրս, բացատրում է lenta.ru-ն: 

2007թ. ընտրություններից հետո Քենյատան եւ Ռուտոն ընդհանուր կարծիքի չէին եկել ձայների արդար հաշվարկի վերաբերյալ, որից հետո ամբողջ երկրով մեկ բռնության ալիք էր տարածվել:  Երկու թեկնածուների կողմնակիցները սպանում եւ ունեզրկում էին միմյանց: Զոհվեցին հազարից ավելի մարդիկ, հարյուր հազարն էլ փախստական դարձան:

Հետագայում նախկին թշնամիները միավորվեցին եւ հերթական ընտրությունների ժամանակ հանդես եկան միասնական ճակատով` հաղթելով մնացած թեկնածուներին: