Եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նոր ջանքեր գործադրելու ժամանակը` «բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխզիջումների շրջանակում»: Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձում: Այն փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը ճանաչողական այցով գտնվում է Բաքվում:
Օբաման ընդգծել է, որ լիովին աջակցում է Ջեյմս Ուորլիքին, որը ՄԽ-ում ԱՄՆ-ի համանախագահ է նշանակվել մեկ ամիս առաջ: «Նրա վերջերս նշանակվելը ղարաբաղյան հակամարտությունում խաղաղ կարգավորման ձեռքբերումներին աջակցելու ԱՄՆ-ի վճռական եւ միանշանակ հավատարմության ցուցանիշն է», – նշված է ուղերձում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես զորակցում եմ առաջիկա ամիսներին Ձեր կողմից Հայաստանի հետ ուղիղ երկխոսություն անցկացնելու հնարավորություններին, ինչպես նաեւ համանախագահներին` բանակցությունների ներկայիս անելանելի իրավիճակից ելք փնտրելու համար», – ընդգծված է ԱՄՆ-ի նախագահի ուղերձում:





























