Եթե ԱՄՆ-ն հարվածի Սիրիային, ապա ի պատասխան կարելի է ցանկացած գործողություն ակնկալել եւ պարտադիր չէ հենց սիրիական կառավարության կողմից: Այս մասին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Նկատի ունենալով Իրանի եւ «Հզբոլլահի» իր դաշնակիցներին՝ Ասադն ընդգծել է, որ իր կառավարությունը «տարածաշրջանում միակ» խաղացողը չէ: «Տարբեր կողմեր կան, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություն: Հիմա այս տարածաշրջանում ամեն ինչ կա»,-հայտարարել է Սիրիայի նախագահը:
Պատասխանելով այն հարցին՝ ԱՄՆ հարվածին ի պատասխան քիմիական զենք կիրառվելո՞ւ է, Ասադը, ում կառավարությունը երբեք չի հաստատել, որ քիմիական զենք ունի, ընդգծել է, որ դա կախված է լինելու նրանից, թե «արդյոք այն առկա է ապստամբների, ահաբեկիչների կամ տարածաշրջանում որեւէ այլ խմբակցության մոտ»:





























