Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը տհաճ է, Էստոնիա իր այցի ժամանակ Eesti Päevaleht թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` խոսելով այն մասին, որ այս պահին Ռուսաստանն Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային ստիպում է ընտրություն կատարել ՄՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ:
«Երբ ձեզ նման այլընտրանք են առաջարկում, որը նշանակում է, թե պետք է նախապատվությունը տալ ստեղծվող միություններից որեւէ մեկին, որը հակասում է եվրոպական արժեքներին, եւ դրա միջոցով վատացնում են իրավիճակը, դա լավ չէ: Վրացական մարտավարությունը, որը ոչ ես, ոչ էլ նախկին կառավարությունն են հորինել, այլ որը հիմնված է ժողովրդի կամքի վրա, Եվրատլանտյան տարածքին մերձենալն է: Վրաստանը քվեարկել է ՆԱՏՕ-ին միանալու կողմ: Ես չեմ պատրաստվում եւ նույնիսկ չեմ էլ մտածում փոխել այդ ուղղությունը, քանի որ գիտեմ, որ ժողովուրդը ճիշտ որոշում է կայացրել, եւ մենք այն փոխելու իրավունք չունենք», - ասել է Իվանիշվիլին:
«Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, որն ստեղծվում է ի հակակշիռ ԵՄ-ի, ապա ես, անկեղծ ասած, դա չեմ տեսնում: Ես չէի ցանկանա նույնիսկ մտածել, որ ինչ-որ բան են ստեղծում ի հակակշիռ, այն ժամանակ, երբ Եվրոպան բոլորի համար հասկանալի է եւ շատ արդյունավետ: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ այդ Եվրասիական միությունն է ժամանակավոր. Այն դեռ չեն ստեղծել, եւ այն փաստը, որ այն այժմ ներկայացնում են որպես ԵՄ-ի հակակշիռ, շատ վատ է», - նշել է նա:
«Հարցին պետք է դիալեկտիկ մոտենալ: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանը եւ նույնիսկ Ռուսաստանն այլ ընտրություն ունենան, բացի, ի վերջո, Եվրոպային դիմելուց եւ ԵՄ անդամ դառնալուց: Դրա համար տնտեսություն եւ ֆինանսներ են հարկավոր: ԵՄ-ից լավ ոչինչ ոչ ոք չի մտածել, եւ եվրոպական արժեքներն ամենաթանկն են: Այնպես որ, վաղ թե ուշ, կարծում եմ` բոլոր պետությունները կդառնան դրա անդամ», - վստահություն է հայտնել Իվանիշվիլին, գրում է DELFI-ն:





























