Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը կրկին անցել է դեսպանի իր պարտականությունների իրականացմանը՝ այդ պաշտոնում փոխարինելով իր տիկնոջը՝ Քեթրին Լիչին: Պաշտոնի վերականգնման առիթով նա հայտարարությամբ է հանդես եկել դեսպանատան Facebook-ի էջում՝ օրակարգային մի շարք հարցեր ներկայացնելով:

Նրա խոսքով՝ դեսպանատունը շարունակելու է աջակցել բրիտանական կառավարության ջանքերին՝ կապված Սիրիայի իշխող ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման դեմ միջազգային կոշտ արձագանքի հետ: «Միեւնույն ժամանակ Բրիտանիան շարունակելու է հիշեցնել բոլոր կողմերին Սիրիայում փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը հարգելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ սիրիահայ համայնքի»,-հայտարարել է դեսպանը:

Ջոնաթան Էյվսն ընդգծել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել եւ խրախուսել ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը: «Հասարակության տարբեր շերտերի հայ ներկայացուցիչների հետ շփվելով՝ հասկացա, որ հայերն իրենց ավելի լայն եվրոպական ընտանիքի մաս են համարում:

Հաջորդ չորս ամիսները եւս կցուցադրեն Հայաստանի եւ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը»,-հավելել է նա: