Վրաստանը ձգտում է հնարավորինս շուտ դառնալ ԵՄ անդամ, հայտարարել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Էստոնիա կատարած այցի ընթացքում Eesti Päevaleht պարբերականին տված հարցազրույցում:
«Ցավոք, նախկին կառավարությունը սխալներ է թույլ տվել ինչպես ԵՄ, այնպես էլ ՆԱՏՕ-ի նկատմամբ, քանի որ այն ժամանակ ձեւավորված ժողովրդավարության ավանդույթները եվրոպական արժեքներին չէին համապատասխանում: Մեր կառավարությունը տիպիկ եվրոպական կառավարություն եմ համարում եւ այն կշարունակի այդ ուղղությամբ զարգանալ:
Ինչ վերաբերում է ամբիցիաներին, ապա Արեւելյան գործընկերության հարցերով Վիլնյուսում բարձրագույն մակարդակում կայանալիք հանդիպման ընթացքում ծրագրում ենք ԵՄ հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր նախաստորագրել եւ հնարավոր է արդեն գարնանը հաջողենք ստորագրել այն»,-ասել է Իվանիշվիլին, փոխանցում է DELFI-ն:
Ընդհանուր առմամբ, մեկնաբանելով Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, Իվանիշվիլին ընդգծել է, որ ինչ ինքն իշխանության է եկել, պետական քարոզչությունը փոխվել է, եւ կառավարությունը սկսել է ընդգծել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Նա ընդգծել է, որ նվաճումներ կան. վերականգնվել են ապրանքային հարաբերությունները, խորանում են մշակութային եւ հումանիտար կապերը:





























