Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դեռեւս դիրքորոշում չունի Փարիզի՝ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Նա ընդգծել է, որ տեղյակ է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից տարածվող նամակների մասին, որոնցով կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին դեմ հանդես գալ Սիրիայի դեմ ռազմական օպերացիային: Ի պատասխան հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ապագայում Համակարգող խորհուրդը եւս նման հայտարարությամբ հանդես գա, Թորանյանը դժվարացել է հստակ պատասխան տալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հաշվի առնելով ամերիկահայ համայնքի խորը անհանգստությունը սիրիահայերի եւ այդ երկրում բնակվող բոլոր քաղաքացիների համար, կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին դեմ հանդես գալ այն որոշմանը, որը թույլ կտա հարվածել Սիրիային:





























