Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հանդիպել է Քուվեյթի Պետության գլխավոր դատախազ Տիրար Ալ-Ասուսիի հետ եւ ներկայացրել հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանն անդրադարձել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Նա նշել է, որ իրավական ոլորտը կարևորագույն բաղկացուցիչ է երկու երկրների հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազայի ընդլայնման համար:

Գլխավոր դատախազն իր հերթին ներկայացրել է Քուվեյթի իրավական դաշտն ու այս ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները:

Նույն օրը Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Իբրահիմ Դուայիջ Ալ-Սաբահի հետ: Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման  ուղիները: