Սիրիային հարվածելը կհետաձգվի, եթե Բաշար Ասադի կառավարությունը քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային հանրությանը փոխանցի: Այս մասին АBC-ի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «եթե Սիրիայում քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելը թույլ կտա խուսափել ռազմական հարվածներից, մենք անհապաղ կսկսենք աշխատել Դամասկոսի հետ», պարոն Օբաման անվանել է «հնարավոր դրական լուծում»:
PBS-ի հարցազրույցում Բարաք Օբաման հայտնել է, որ Սիրիայի կողմից քիմիական զենքը հանձնելու հարցը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ` G20-ի գագաթաժողովում:
Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում Բարաք Օբաման հայտնել է, որ Սիրիան պետք է այդ առաջարկին «արագ պատասխանի», հաղորդում է «Կոմերսանտը»: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է սիրիական ճգնաժամի դիվանագիտական լուծմանը: «Ես հուսով եմ, որ դա կարելի է լուծել ոչ ռազմական ճանապարհով», - ասել է Օբաման, հաղորդում է rbc-ն:





























