Սուխումում ռուս դիվանագետ Դմիտրի Վիշերնեւի սպանության պատճառ կարող էր լինել կոնֆլիկտը՝ կապված անշարժ գույքի հետ, որը ռուսները ձեռք են բերել Աբխազիայում, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Ինչպես պարբերականին է հայտնի դարձել, դիվանագետը, բացի իր հիմնական աշխատանքից, զբաղվել է Աբխազիայում վիճելի անշարժ գույքի հետ կապված հարցերը կարգավորելով. նա օգնել է վեճերը հարթել այն դեպքերում, երբ անշարժ գույքը մի քանի սեփականատեր է ունեցել: Այդ կապակցությամբ նա քանիցս հարձակումների է ենթարկվել: Աղբյուրն անգամ պատմել է դիվանագետի տան կողոպուտի մասին, որի ընթացքում անհայտ անձինք առեւանգել են արժեքավոր իրեր եւ փաստաթղթեր:

Բացի այդ, հետաքննությունը դիտարկում է նաեւ երկրորդ տարբերակը՝ կենցաղային: Այն հիմնված է Վիշերնեւի ընտանիքում տեղի ունեցած կոնֆլիկտի վրա:

Հիշեցնենք, որ Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւը սպանվել է սեպտեմբերի 9-ին Սուխումում: Անհայտ անձինք երկու անգամ կրակել են նրա գլխին: Նրա կինը վիրավորվել է ողնաշարից: