Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանից Հայաստանի քաղաքացուն Երեւանի փոխարեն Բաքու ուղարկողները պատասխանատվության կենթարկվեն: Ուկրաինայի հայերի միությունը վերահսկում է իրավիճակը:
Ուկրաինայի հայերի միության նախագահ, Վիլեն Շատվորյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել՝ պարզելու Հայաստանի քաղաքացի Ասատուր Խաչատրյանի հետ կապված միջադեպի հանգամանքները: Վերջինիս սխալմամբ Կիեւից Երեւանի փոխարեն Բաքու էին ուղարկել:
Ինչպես հայտնի է դարձել AnalitikaUA.net-ին, արդեն հայտնի են որոշ ստուգումների արդյունքներ, քանի որ ավիաընկերության գանձապահը, ով սխալմունքի գլխավոր մեղավորն է, պատասխանատվության է ենթարկվել: Այդ փաստի առնչությամբ ստուգումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ խոսքն այն միջադեպի մասին է, երբ Հայաստանի 22-ամյա քաղաքացուն սխալմամբ Կիեւից ուղարկել էին Բաքու, ոչ թե Երեւան: Նրա մոտ փաստաթղթերի հետ կապված խնդիր էր առաջացել եւ որոշվել էր նրան հետ Երեւան ուղարկել: Սակայն 611 չվերթի փոխարեն նրան 601 չվերթով ուղարկել էին Բաքու: Գործին միջամտել էր ԿԽՄԿ-ն եւ Ասատուրին կրկին Կիեւ էին ուղարկել:
Ասատուրը հաղորդել է, որ Ադրբեջանում իրեն լավ են վերաբերել, սակայն Բաքվում անցկացրած գիշերն ամենաերկարն է եղել նրա կյանքում:
Ադրբեջանում հայտնված 22-ամյա Ասատուրը իր կյանքի ամենաերկար գիշերն է լուսացրել http://news.am/arm/news/164386.html




























