Բոլոր ձեւաչափերում հնարավոր է շարունակել սերտ եւ խորը համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ զարգացնելով մեր հարաբերությունները այն դրական հիմքերի վրա, որոնք վերջերս գրանցվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո սեպտեմբերի 10-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նաալբանդյանի խոսքով՝ ԵՄ հետ բանակցությունները շարունակվելու են բոլոր հնարավոր միջոցներով, որոնք ենթադրում է Եվրամիությունը, եւ որոնք չեն հակասում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը: Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ Լիտվայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծել է, որ պետք է շարունակել համագործակցությունը՝ հիմնվելով նվաճումների վրա:
Ի պատասխան այն դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորները հանդիպումից հետո դժգոհություն են հայտնել, հայտարարելով, որ իրենց հարցերի լիարժեք պատասխանները չեն ստացել, Նալբանդյանն ընդգծել է. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է միայն հարց տալ եւ պատասխան լսել, ապա ես նրա համար պատասխան չունեմ: Ես պատասխանել եմ բոլոր հարցերին: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է այն մասին, որ պատասխաններն իրենց չեն բավարարում, ապա դա իր կարծիքն է»:
Հիշեցնենք, որ մի շարք խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին հաշվետվություն է ներկայացրել՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ: Հանդիպումը դռնփակ է անցել:
Ընդգծենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցություններից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը:





























