Հայաստանը շահագրգիռ է խթանել քաղաքական երկխոսությունը Դանիայի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հայաստանի ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ընդունել է ընդունել է Դանիայի խորհրդարանական պատվիրակությանը` եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենի գլխավորությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները կնպաստեն երկկողմ կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Այս համատեքստում անհրաժեշտ է համարվել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է դանիացի խորհրդարանականների եւ լրագրողների այցը Արցախ:

«Ուրախ եմ, որ այցելել եք Լեռնային Ղարաբաղ: Վստահ եմ, որ այցը լավ հնարավորություն ընձեռեց անմիջականորեն ծանոթանալու Ղարաբաղյան հակամարտության խնդրի էությանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ Արցախի իշխանությունների տեսակետներին»,-նշել է ԱԺ նախագահը: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը, եւ մեր երկիրը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ եղանակով կարգավորման իր որդեգրված սկզբունքին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում` հիմնված ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենը նշել է, որ այցելության օրերին ունեցել են մի շարք կարեւոր հանդիպումներ եւ հետաքրքիր քննարկումներ: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացումը, երկկողմ շփումները եւ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով: Հյուրերի խնդրանքով Աժ նախագահն անդրադարձել է ԵՄ-Հայաստան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրությանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվել է շահերի համադրման սկզբունքով եւ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական Միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում: