Մարսելի քաղաքապետարանից մոտ հարյուր մարդ մասնակցել է քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի պատվիրակության Հայաստան այցելության վերաբերյալ տեղեկատվական ժողովին. այցը տեղի կունենա հոկտեմբերի 23-27-ը: Այդ մասին գրում է «Nouvelles d՝Arménie»-ն: Մարսելի քաղաքապետին Հայաստանում կուղեկցի բիզնես-պատվիրակություն, որը ձեւավորվել է հայ-ֆրանսիական առեւտրա-արդյունաբերական պալատի եւ Հայաստանի տնտեսության զարգացման ֆորումի նախաձեռնությամբ:
Երեւանում Մարսելի պատվիրակությանը կդիմավորեն երկրի իշխանությունները, այդ թվում նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Սարգսյանը: Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը նշել է Երեւանի ու Մարսելի միջեւ հարաբերությունների կարեւորության մասին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ: Հայաստան կատարած այցի հիմնական նպատակն է Մարսելի ու Հայաստանի ձեռնարկությունների միջեւ համագործակցության ամրապնդումը:





























