Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը (նստավայրը` Պոդգորիցա):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի եւ Չեռնոգորիայի միջեւ փոխգործակցության օրակարգի հետեւողական խորացման ու ընդլայնման գործում ձեռքբերումների արձանագրմամբ:
Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են, որ երկու պետությունների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ բնագավառներում համագործակցության զգալի ներուժ եւ երկկողմ քաղաքական կամք կա: Կարեւորվել է համակողմանի փոխգործակցության ձեւավորման նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացումը, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ ակտիվ շփումների խթանումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:
Դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ հարաբերությունների առավել սերտացման համար:





























