ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրվա իր ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է սպասել Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում եւ դիվանագետներին եւս մեկ հնարավորություն տալ, հայտնում է ԱՄՆ-ում NEWS.am-ի թղթակիցը: ԱՄՆ-ն վճռել է շարունակել դիվանագիտական ջանքերը Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, որոնք ուղղված են Սիրիայի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային հանրությանը հանձնելուն։

Օբաման հայտնել է, որ Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը  սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը «եւ հակասում  հումանիզմին»` ընդունված ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, Օբաման համաձայնել է շարունակել ջանքերը մյուս պետությունների հետ, որոնք ուղղված են սիրիական քիմիական զենքի միջազգային վերահսկողությանը հանձնելուն` այդ զենքը հետագայում ամբողջովին ոչնչացնելու նպատակով:

ԱՄՆ-ի նախագահը մտադիր չէ տարածաշրջանից հեռացնել զինված ուժերը` այդպիսով պահպանելով Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի նկատմամբ ճնշումը: 

Օբաման նաեւ խոստացել է ամերիկացի զինվորներին չուղարկել Սիրիա, սակայն նախազգուշացրել է, որ «ԱՄՆ-ն գնդասեղային ծակոցներ չի հասցնում, եւ նույնիսկ սահմանափակ ռմբակոծմամբ Ասադին այնպիսի նախազգուշացում կուղարկի ամերիկացիներից,  որը չի կարող ուղարկել ոչ մի ազգ»:

Իր ելույթում Օբաման հիշեցրել է, որ անցած երկու տարիների ընթացքում ապստամբների դեմ Ասադի կողմից արտոնված հարձակումների հետեւանքով սպանվել են 400 երեխա: Օբաման հայտնել է, որ միայն այդ հարձակումները դատապարտելը բավական չէ: 

«Երբ նվազագույն ջանքեր գործադրելու եւ նվազագույն վտանգի պայմաններում մենք կարող ենք վերջ դնել երեխաների մահերին եւ այդպիսով ապահովենք մեր սեփական երեխաների անվտանգությունն ապագայում, ես կարծում եմ` մենք պետք է դիմենք այդ ջանքերին», - հայտնել է Բարաք Օբաման: Ըստ նրա` եթե Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վարչակարգի գործողություններն անպատասխան մնան, դա կոգեւորի մյուս բռնապետերին եւ այդպիսով վտանգի տակ կդնի ԱՄՆ-ի դաշնակիցներին, այդ թվում` Թուրքիային, Հորդանանին եւ Իսրայելին: