Բրատիսլավայում, սեպտեմբերի 6-8-ին, տեղի է ունեցել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) 15-րդ հոբելյանական համագումարը, որտեղ քննարկվել են աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած մարտահրավերը:

ԵՀՄՖ մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ համագումարին մասնակցել են Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, մեծաթիվ հյուրեր եւ պատվիրակներ Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաեւ Հայաստանից ու Իսրայելից: Համագումարի մասնակիցները հաստատել են գործողությունների հստակ պլան, որը տեղ է գտել մոտ ապագայում ներկայացվելիք Համագումարի Բանաձեւում: Համագումարն ընդունել է նաեւ կոչ` ուղղված աշխարհասփյուռ հայությանը, որը ստորեւ ներկայացվում է Ձեր ուշադրությանը:

ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

«Սիրելի Հայրենակիցներ,

Հայ ժողովրդի առջեւ ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, եւ բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, եւ գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական եւ հայապահպանման ծրագրերի իրագործման գործին:

ԵՀՄՖ Համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է Հայ Ժողովրդի գոյությունը սեփական երկրում` փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը եւ մարդկանց, գալիք սերունդների առողջությունը, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող քաղաքականությունը` հիմնված անարդարության, անպատժելիության, ցինիզմի, իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ատելության վրա:

Մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել եւ արարել այլ երկրներում:

Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում, կոչ ենք անում հայ ազգին, սփյուռքի եւ Հայաստանի  ողջ հայությանը, միանալ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի շրջանակներում ստեղծված «Համահայկական ճակատ»-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման եւ անցնցում իշխանափոխության իրականացման համար: Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալու Հայաստան պետության անունից եւ կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ սփյուռքը իրավասու եւ պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել ազգի հրատապ փրկության այս գործընթացին»: