Սպիտակ տունն առաջվա պես կձգտի ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար, թեեւ Ռուսաստանն արդեն Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության է եկել քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային հանրությանը հանձնելու հարցում: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սպիտակ տունը կհամաձայնի հետաձգել հնարավոր գործողությունը ռուսական առաջարկների հետեւանքով:
«Կա ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը եւ Սիրիայի արտգործնախարարի պատասխանը: Մենք մտադիր ենք այն ուսումնասիրել եւ ռուսների ու այլոց հետ բանակցել այդ թեմայով, բայց պետք է շարունակենք ճնշել Ասադի վարչակարգին եւ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններով վախեցնել, քանի որ հենց այդ սպառնալիքի շնորհիվ նման առաջարկ ծնվեց», - Քարնիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի թույլտվությունն էր պահանջել Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար: Նախորդ շաբաթ հարցի քննարկումը հետաձգվել էր:
Օբաման սեպտեմբերի 10-ին ազգին ուղղված ուղերձում հայտարարել էր. որ պատրաստ է սպասել Սիրիային հարվածելու հարցում՝ եւս մեկ հնարավորություն ընձեռելով դիվանագետներին: ԱՄՆ-ն որոշել է շարունակել Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի դաշնակիցների հետ համատեղ ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայի տնօրինման տակ գտնվող քիմիական զենքի առգրավմանը:





























