Մաքսային միություն, թե Եվրամիություն խնդիրը ոչ այնքան արժեքային համակարգի ընտրության խնդիր է, որքան աշխարհաքաղաքական։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Որովհետեւ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եվրոպական արժեքային համակարգը ունիվերսալ է, որին պետք է ձգտի ցանկացած քաղաքակիրթ պետություն։ Արժեհամակարգի ընտրության մասին հայ հասարակության մեջ ոչ մի այլընտրանք չկա, մենք եվրոպական արժեհամակարգի բաղկացուցիչ մասն ենք: Այս պրոցեսն իր մեջ պարունակում է  ոչ այնքան արժեհամակարգային խնդիր, որքան աշխարհաքաղաքական։ Եթե փոխում ենք աշխարհաքաղաքական գործոնը, պետք է լուծենք անվտանգության խնդիրը»,- նկատեց քաղաքագետը։

Հայտարարությունները, թե Հայաստանը կարող է տնտեսապես ինտեգրվել Եվրոպային եւ մնալ անվտանգության այլ համակարգում, Բոզոյանը քաղաքական անմեղսունակության դրսեւորում անվանեց՝ հավելելով, որ հնարավոր չէ կույս մնալ եւ միաժամանակ հաճույք ստանալ։

Երվանդ Բոզոյանի խոսքով՝  Հայաստանը դե ֆակտո իր ուղղությունը կատարեց դեպի Մաքսային միություն, ստիպված եղավ նման ընտրություն կատարել։ «Հայաստանն օբյեկտիվորեն այնպիսի վիճակի մեջ էր, որ ամբողջովին պատրաստ  չէր միանալու ոչ Եվրամիության տնտեսական գոտուն, ոչ էլ Եվրասիական միության տնտեսական գոտուն։ Դրան միանալը հղի է լուրջ անվտանգության խնդիրներով»,- նշեց քաղաքագետը։

Նա շեշտեց, որ Հայաստանը չունի սահման Մաքսային միության երկրների հետ, հետեւաբար կունենա լուրջ պրոբլեմներ, ունի նաեւ ԼՂ խնդիր։ Նա նշեց, որ Հայաստանի ազգային, պետական շահերից կբխեր այն, որ իր նորմատիվային ակտերը մոտեցներ Մաքսային միության երկրներին, փորձեր նույն բանը անել Եվրամիության հետ, եւ այդպես կարող էր կամուրջ լինել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ «Հայաստանը պատրաստ չէր մեծ համակարգին միանալ։ Թեեւ ստրատեգիական իմաստով  դեմ չեմ, որ Հայաստանը մտնի մեծ համակարգի մեջ»,-ասաց Երվանդ Բոզոյանը։

Նա նաեւ շեշտեց, որ եթե Հայաստանը չգնար եվրոպական ճանապարհով, մեզ ոչ ոք չէր ստիպի մտնել Մաքսային միություն։ «Դա նման է, երբ աղջիկն ու տղան ընկերություն են անում, աղջիկը ուզում է մեկ այլ տղայի հետ էլ ընկերություն անել, եւ ընկերը նրան ընտրության առաջ է կանգեցնում՝ կամ ինձ հետ, կամ նրան։ Հայաստանը պատրաստ չէր ամուսնությանը, փաստորեն ամուսնացրին, որովհետեւ Հայաստանը փորձում էր խաղեր տալ մյուսի հետ։ Սա քաղաքական որոշում էր, որը պարտադրեցին Հայաստանը, որպեսզի Հայաստանը խաղեր չտա»,-ասաց Երվանդ Բոզոյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am