Կա սահմանի խնդիր Մաքսային միության հետ, բայց նման խնդիր կա նաեւ Եվրամիության հետ, ունենք Արցախի խնդիր Մաքսայինի հետ, նույն խնդիրը կա նաեւ Եվրամիության հետ, ինչ էլ ասենք, երկուսն էլ մեզ համար բանի պետք չեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
«Որովհետեւ ռուսն ասում է՝ երկու չարիքների մեջ պետք է ընտրել փոքրագույնը, անգլիացին ասում է երկու չարիքների մեջ ոչ մի բան չենք ընտրում։ Բանն այն է, որ երկու փաստաթուղթն էլ չկան, բավականին հարցեր են առաջանում: Սուվերենության կորստի աստիճանն է, սեպտեմբերի 21-ն է գալիս, պատկերացրեք տպվեցին երկու պայմանագրերը, պարզվի, որ միայն թղթի վրա ենք մնում ինքնիշխան պետություն, ի՞նչ, սեպտեմբերի 21-ին սո՞ւգ ենք hայտարարելու»,- նշեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ «Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնում է գտնվում, որ շատ լուրջ դերակատարություն կարող է ունենալ: Մեզ բոլորը շատ են կարեւորում, բայց մենք մեզ չենք կարեւորում, դրա համար մտածում ենք, թե որտեղ պետք է մտնել, իսկ դա անընդունելի է»։
«Հայաստանի աշխարհաքաղաքական դերը քայլ առ քայլ մեծանում է, սա նշանակում է, որ մենք կարող ենք օբյեկտիվորեն դառնալ գործոն, բայց մենք հլու հնազանդ կարգավիճակը գցում ենք, դառնում ենք օբյեկտ, հետո մեղավորներ չփնտրենք։ Ցանկացած միավորման մեջ մտնելը սխալ է, մենք կարող ենք դառնալ սուբյեկտ, իսկ ընտրելով մեկին՝ դառնում ենք օբյեկտ»,- ասաց Հարություն Մեսրոպյանը՝ հավելելով, թե այսքանով ամեն ինչ չի ավարտվում, Հայաստանի եւ տարածաշրջանի համար պայքարը ընթանալու է մինչեւ վերջ։
Փորձագետը նաեւ հայտարարություն արեց ասուլիսի ժամանակ՝ զգուշացնելով, որ արաբական գարունը Սիրիայով մոտենում է Հայաստանին, դա ոչ միայն աշխարհագրական մոտեցում է, այլ վտանգ կա մարդկային կորուստներ ունենալու։ «Այս ֆոնի վրա շեշտակի աճում է Հայաստանի աշխահաքաղաքական դիրքի նշանակությունը: Թեժանալու է կատաղի պայքարը, քանի որ չենք գնահատում մեր արժեքը, ուրիշները լավ էլ գնահատում են: Եթե Հյաաստանը մնա թույլ եւ շարունակի մտածել այս կամ այն փեշի տակ մտնելու մասին, մեզ սպասում են մեծ արհավիրքներ։ Վիճակը թեժանում է, պետք է շատ զգոն լինենք, ամբողջ պետությունը պետք է դիրքավորել: Ողբերգությունը կգա, մենք պատրաստ չենք լինի: Եթե իրավիճակը խառնվում է, դու գործոն չես, քեզ օգտագործում են որպես հումք մսաղացում»,- հայտարարեց Հարություն Մեսրոպյանը։





























