Ոչ մի դեպքում չի կարելի ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա առանձին անհատների կարծիքի պատճառով՝ դա լինի սովորական քաղաքացի, թե Ռուսաստանի նախագահի օգնական: Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի հայտարարությանը, որտեղ նա Հայաստանը համեմատել էր Կալինինգրադի մարզի հետ:
«Գլազեւը նախկին կոմունիստ է, այսօր նա տնտեսական հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդականն է: Կարծում եմ՝ այդ պահին նա այլ օրինակ չի ունեցել: Դրա հետ մեկտեղ, որքան լուրջ հայտարարություններ են արել ՌԴ նախագահը, վարչապետը, տարբեր խմբակցությունների ղեկավարներ»,-ընդգծել է Ռուբեն Թովմասյանը:
Պատասխանելով Հայաստանի՝ իր սուվերենությունը կորցնելու հնարավորության մասին հարցին՝ գլխավոր կոմունիստն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից հայկական պետության հասցեին երբեք սպառնալիք չի հնչել եւ չի էլ հնչի: «Հայաստանն ապացուցում է, որ Ռուսաստանի ամենահավատարիմ գործընկերն է տարածաշրջանում: Պետք չէ կարծել, որ միայն մենք ունենք Ռուսաստանի կարիքը, վերջինս եւս մեր կարիքն ունի: Եթե նայել տարածաշրջանին, ապա Թուրքիայում, որն այսօր ահաբեկում է Սիրիային, «նստած է» ՆԱՏՕ-ն, մյուս կողմից ՆԱՏՕ-ին միանալ ձգտող Վրաստանն է, Ադրբեջանը դեռեւս անդեմ վիճակում է»,-ասել է Ռուբեն Թովմասյանն՝ ընդգծելով, որ նման պատկերի առկայության պարագայում Ռուսաստանը վստահ է, որ իր ամենահավատարիմ ընկերը եղել եւ մնում է Հայաստանը:





























