Ռուսաստանի Պետդուման հայտարարել է, որ պատրաստ է ընդլայնել Իրանին զենքի մատակարարումը, ինչպես նաեւ վերանայել Աֆղանստանի միջոցով ամերիկյան բեռների տարանցումը Ռուսաստան, եթե ԱՄՆ կողմից Սիրիայում ռազմական գործողություններ սկսվեն:

Առաջարկությանն իր աջակցությունն է հայտնել Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Նման առաջարկությամբ է հանդես եկել կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նա նաեւ առաջարկել է փաստաթղթում հարձակողական սպառազինության սահմանափակման մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին կետ ներառել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պուշկովի խոսքով՝ Սիրիայի տարածքում քիմիական զենք ունեն ահաբեկիչները եւ Ռուսաստանն ապացույցներ ունի, որ հենց նրանք էլ կիրառել են այն: Ապացույցները հանձնվել են ՄԱԿ-ի ԱԽ-ին:

Նիստի ընթացքում պատգամավորները որոշել են Սիրիայի հարցերով աշխատանքային խումբ ստեղծել: Բացի այդ, ընդգծել է Պուշկովը, եթե Սիրիայում ռազմական օպերացիան իսկապես սկսվի, պատգամավորները պատրաստ են եւս մեկ՝ ավելի կոշտ, հայտարարությամբ հանդես գալ: