Չինաստանի Գուանչժոու քաղաքում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, պայթյուն է որոտացել, ներկայումս փրկարարները փլատակներից 7 մարդու մարմին են դուրս բերել: Վիրավորների թիվը 36 է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 11:50-ին՝ պահեստում: Նախնական հետաքննության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի բեռնաթափման ժամանակ, որը պահեստ էր բերել վառոդով հագեցած փամփուշտներ՝ խաղալիք ատրճանակների համար, որոնք արգելված են Չինաստանում:

Փամփուշտները պայթել են մեքենայի թափքում: Պայթյունից բռնկվել են պահեստում եղած ապրանքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, այդ թվում մի հորդանանցու, որը այդ ապրանքի սեփականատերն է:

Փրկարարները շարունակում են աշխատանքները: Նրանք չեն բացառում, որ կարող են էլի մահացածներ գտնել: