Մարսելի Հին նավահանգստում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորտակվել է հայտնի «Le Marseillois» լողացող ռեստորանը, որը ջրում է գտնվում 1920-ական թվականներից: Այն կես ժամվա ընթացքում ամբողջությամբ ջրի տակ է անցել:

Հրշեջ պահպանության դեպարտամենտի տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը նավում պոմպի անսարքությունն է եղել, որը շուրջօրյա ռեժիմով պետք է դուրս մղի հավաքվող ջուրը:

«Le Marseillois» ռեստորանը նույնանուն նավում բացվել է 1990-ական թվականներին: Այն լայն ճանաչում է ունեցել ոչ միայն սովորական զբոսաշրջիկների, այլեւ հոլիվուդյան աստղերի շրջանում: Մասնավորապես, այնտեղ սիրում էին լինել Ջորջ Քլունին եւ Թոմ Քրուզը, գրում է «Ռոսբալտը»:

Եռակայմ «Le Marseillois»-ը կառուցվել է իսպանական Վալենսիա քաղաքում: Որոշ ժամանակ այն կիրառվել է որպես առեւտրային նավ, սակայն 20-րդ դարի կեսերին շարքից դուրս է եկել եւ դուրս գրվել:

Դրանից հետո Մարսելի իշխանությունները գնել են նավը, վերականգնել այն եւ խարիսխ գցել քաղաքի Հին նավահանգստում: