Ղուրանն այրելու իր ակցիաներով հայտնի Թերի Ջոնսը կալանավորվել է Ֆլորիդայի Մալբերի քաղաքում ` մահմեդականների սուրբ գրքի օրինակները այրելու հերթական փորձից հետո: Այս անգամ քարոզիչը փորձել է այրել 3 հազար օրինակ:
Associated Press-ը հայտնում է, որ Ջոնսը կալանավորվել էր, երբ ոստիկանությունը կանգնեցրել էր նրա ֆուրգոնը, որը լի էր եղել նավթով ցողված Ղուրանի օրինակներով: Իր կայքում Ջոնսը բացատրել է, որ պատրաստվում էր այրել 2998 գիրք` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի թվին համապատասխան: Հոգեւոր հովիվը նաեւ հավելել է, որ մահմեդականների դեմ ոչինչ չունի, իրեն անհանգստացնում է իսլամի դաժանությունը, հայտնում է lenta.ru-ն:
Ֆլորիդացի քարոզիչ Թերի Ջոնսը հայտնի է իր հակաիսլամական տրամադրություններով: Առաջին անգամ նա Ղուրան այրել էր 2011թ. մարտին: Դրանից հետո դատարանն արգելել էր Ջոնսին երեք տարի մոտենալ մզկիթներին: Սակայն 2012թ. գարնանը նա նորից Ղուրանի մի քանի օրինակ էր այրել, ինչպես նաեւ մարգարե Մուհամեդի պատկերը:
2012թ. աշնանը Ջոնսին մերժել էին Գերմանիա եւ Կանադա մուտքի թույլտվությունը, որտեղ նա պատրաստվում էր մասնակցել «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի ցուցադրությանը եւ քննարկմանը: ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմը հրահրել էր զանգվածային բողոքներ արաբական երկրներում եւ հարձակումներ ամերիկյան դեսպանությունների վրա:





























