Լիոնում, սեպտեմբերի 4-ին, ձերբակալել են «օրենքով գող» Ռամազ Ջինչարաձեին, որն Իտալիայի իրավապահերի կողմից որոնվում էր շորթումների եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցություն ունենալու համար, հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը՝ հավելելով, որ վրացի «օրենքով գողերի» համար ԵՄ երկրներ այցերը գնալով առավել վտանգավոր են դառնում:

 

Ջինչարաձեի ձերբակալման գործողությունը, որին մասնակցել է 40 ոստիկան, տեղի է ունեցել Լիոնի 8-րդ շրջանում գտնվողն հիվանդանոցում, որտեղ «օրենքով գողը» բժշկական հետազոտություն էր անցնում:

Ռամազ Ջինչարաձեն թբիլիսյան գողական կլանի առավել գործուն ներկայացուցիչներից է: 2006-ին նա առաջինն էր, որ դատապարտվել էր Վրաստանում ուժի մեջ մտած նոր հոդվածով՝ «մականունի համար» (այսինքն գողական աշխարհին պատկանելու համար): 2011-ի հունվարին Ռամազը ազատ է արձակվել եւ տեղափոխվել Եվրոպա: Օպերատիվ տվյալներով՝ նրա քրեական հետաքրքրությունների ոլորտում հայտնվել է Պորտուգալիան:

Սեպտեմբերի 5-ին, Լիոնի վերաքննիչ դատարանը կալանքի որոշում է կայացրել Ջինչարաձեի նկատմամբ: Մինչեւ իտալական իշխանություններին փոխանցելը, նա կգտնվի Ռոնի «Կորբաս» բանտում: