Երկարակեցության նոր ռեկորդ կարող է սահմանել եթովպիացի Դհակաբո Էբան: Այժմ թոշակառու նախկին ագարակատերը պատմել է, որ ինքն առնվազն 160 տարեկան է, ինչը նշանակում է, որ մոլորակի ամենատարեց մարդն է:
Տղամարդը հիշում է 1895թ. Իտալիայի ներխուժումը Եթովպիա: «Այն ժամանակ ես երկու կին ունեի, իսկ տղաս բավական մեծ էր կովերին արոտավայր տանելու համար», - տեղի հեռուստաալիքի եթերում պատմել է եթովպացին, փոխանցում է NEWSru.com-ը:
Ըստ լրագրողների՝ Էբան այնպիսի մանրամասներ է հիշում, որոնք հիմք են տալիս հավատալու նրա խոսքերի իսկությանը: Մասնավորապես, նա հիշել է, որ մանուկ հասակում ձիով ութօրյա ճանապարհ է անցել մայրաքաղաք Ադիս Աբեբա հասնելու համար:
Սակայն թոշակառուն իր խոսքերի ոչ մի փաստաթղթային ապացույց չի ներկայացրել. նա չունի ծննդյան վկայական, որով կարող էր ապացուցել տարիքը:





























