Մայաների Ուքսուլ քաղաքում հնագետները հայտնաբերել են երկու տասնյակ գլխատված ռազմագերիների մնացորդներ: Նրանց թվում եղել են նաեւ ազնվականներ: Ինչպես նշում են գիտնականները, սա առաջին նմանատիպ գտածոն է, որը վկայում է հնդկացիների դաժանության մասին:
VII դարում սպանված 24 մարդու կմախքները Բոննի համալսարանի հնագետները հայտնաբերել են հին ջրամբարի տարածքում գտնվող գերեզմանում: Ոսկորները կավով պատված լինելու շնորհիվ այնքան լավ են պահպանվել, որ գիտնականներին հաջողվել է պարզել 15 սպանվածների տարիքն ու սեռը: Նրանց թվում եղել են13 տղամարդ ու 2 կին, որոնք մահվան պահին եղել են 18-ից 42 տարեկան: Ոմանց ատամներում եղել են նեֆրիտե ներդիրներ, ինչը վկայում է նրանց ազնվական լինելու մասին:
Հետազոտողները նաեւ ցույց են տվել, որ բոլոր զոհերի մահը բռնության արդյունքում է վրա հասել: Ռազմագերիներից ոմանք մահացել են բութ հարվածի արդյունքում, մյուսներին գլխատել էին կամ կոտրել գանգը, հաղորդում է «Utro.ru»-ն: Քարանձավում գանգերը ցրված էին ու հեռու էին գտնվում մարմիններից: Վերլուծությունը վեր է հանել ողնաշարի վերին հատվածում կացնի հարվածներ, ինչն էլ վկայում է, որ նրանց գլխատել են: Հնագետները հայտնաբերել են նաեւ վերջույթների մնացորդներ(ձեռք, ոտք, ոտնաթաթ. մատներ), որոնք նույնպես, հավանաբար, պատժի ժամանակ կտրել են: Հետաքրքիր է, որ սպանվածների ներքին ծնոտները եւս առանձին էին, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Հետազոտողներին առայժմ հայտնի չէ, թե հայտնաբերված զոհերը մայաների այլ քաղաքի բնակիչներ են, թե Ուքսուլի բնակիչներ, որոնց զոհաբերել են աստվածներին:





























