Ութ անձիք, այդ թվում նաեւ Քալիֆորնիայի նահանգի Բըրբենք, Գլենդել եւ Մոնտրոզ քաղաքների չորս բնակիչներ տարբեր մեղադրանքներով իրենց մեղավոր են ճանաչել, այդ թվում նաեւ դրամաշորթության նպատակով հանցավոր դավադրության, բանկային խարդախությունների ու անձնական տվյալների հափշտակման մեջ՝ կապված հայկական կազմակերպված հանցավորության « Armenian Power » խմբավորման գործունեության հետ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Նրանք այն 70 հոգու շարքում են, որոնց երկու տարի առաջ մեղադրանք է ներկայացվել՝ խմբավորման անդամների նկատմամբ զանգվածային ստուգումների արդյունքում: Եւս 51-ն իրենց մեղավոր են ճանաչել: Այս շաբաթ իրենց մեղավոր ճանաչած երկու մեղադրյալների թվում են 39-ամյա Խաչատուր Առաքելյանը եւ 32-ամյա Ադամ Դավուդյանը, որոնք բնակվել են Գլենդել քաղաքում, իսկ մյուս երկուսն ապրել են Բըրբենքում եւ Մոնտրոզում:
Առաքելայնն իրեն մեղավոր է ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալների հափշտակման մեջ՝ ողջ Հարավային Քալիֆորնիայում «99 Cents Only» խանութներում բանկային քարտերի սքիմինգի համար սարքավորումների տեղադրման եղանակով: Արդյունքում հարյուրավոր զոհեր կորցրել են ավելի քան 2 մլն դոլար: Առաքելյանին սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում:
Դավուդյանն իրեն մեղավոր է ճանաչել տարածման նպատակով մարիխուանայի պահպանության համար. նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Մոնտրոզի բնակիչ, 35-ամյա Ռայմոնդ Թարվերդյան, որը նույնպես ներգրավված էր սքիմինգի համակարգում, իրեն մեղավոր է ճանաչել բանկային խարդախության եւ դրամաշորթուայն նպատակով հանցավոր համաձայնության մեջ, նրան սպառնում է մինչեւ 50 տարվա ազատազրկում: Բըրբենքի բնակիչ, 36 - ամյա Արթուր Փեմբեջյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթւոյան նպատակով դավադրության մեջ, այն բանից հետո, երբ խմբավորման պարագլուխը ապօրինի հրազենի ձեռքբերման հրահրեց: Նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Ամբաստանյալներին դատավճիռ կներկայացվի նոյեմբերին:
Նշենք, որ 1980-ական թթ.-ին Արեւելյան Հոլիվուդում կազմավորված «Armenian Power» հանցախումբը, ենթադրաբար, ունի մոտ 250 փաստաթղթավորված անդամներ ու հարյուրավոր համախոհներ:




























