Բջջային կապի բրիտանական օպերատոր Vodafon-ի գերմանական ստորաբաժանումում գողացել են 2 մլն բաժանորդների տվյալները:

Ենթադրվում է, որ գողությունը կատարել է ընկերության ներսում աշխատողներից մեկը: Չարագործը տեղեկություններ է ունեցել բջջային կապի օպերատորի աշխատանքային համակարգերի մասին եւ կարող էր այդկերպ բաժանորդների տվյալների հասանելություն ունենալ: Խոսքը դրսից հաքերային հարձակման մասին չէ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով DPA-ն:

Դյուսելդորֆի դատախազությունում այդ գործով զբաղվող ներկայացուցիչը հաստատել է, որ կասկածյալներից մեկի բնակարանում խուզարկություն է կատարվել: «Vodafone ընկերությունը շատ սերտորեն մեզ հետ համագործակցում է»,-ասել է դատախազության աշխատակիցը:

Vodafone-ի հայտարարության համաձայն՝ գողացված տվյալների մեջ առկա են հաճախորդների անունները, հասցեները, ծննդյան ամսաթվերը, սեռը, բանկային տվյալները: