Ֆինն գիտնականները կապ են գտել ժամանակից շուտ  խոսել սկսած երեխաների եւ ալկոհոլի հանդեպ հակումների միջեւ: Ըստ նրանց՝ ալկոհոլիզմը մարդու նոր տպավորություններ ստանալու ձգտումն է:

Հոդվածը հիմնված է Ֆինլանդիայում երկվորյակների շրջանում կատարված հետազոտության վրա: Ֆինլանդիայում, ըստ ԱՀԿ-ի, ալկոհոլիզմը մեծ տարածում ունի: Ուսումնասիրման համար ընտրվել են այնպիսի երեխաներ, որոնք մանուկ  եւ պատանի հասակում տարբերվել են մտավոր զարգացման տեմպերով: Պարզվել է, որ այն երկվորյակները, ովքեր հասակակիցներից շուտ են  խոսել եւ կարդալ սովորել, առավել հաճախ են ալկոհոլիզմով տառապում, հայտնում է utro.ru-ն:

Ուսումնասիրողները դա բացատրում են երկու գործոններով. Նախ՝ առավել զարգացած երեխաներն ավելի շատ են ալկոհոլի հետ կապված փորձարկումներ կատարում: Երկրորդ՝ նրանք նոր տպավորությունների եւ արկածախնդրության ավելի մեծ ձգտում են ունենում:

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ մտավոր առավել զարգացած մարդիկ ավելի հաճախ են  կարողանում հասուն տարիքում վատ սովորություններից ձերբազատվել: