Հայաստանը պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ դա չի խոչընդոտում Մաքսային միությանն անդամակցելուն: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵՄ-ի հետ ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում «Արեւելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է ոչ պաշտոնական երկխոսության ձեւաչափի կարեւորությունը: Այդ ձեւաչափում Հայաստանը հարաբերություններ էր կառուցում ԵՄ-ի հետ: «Այսօր կարող ենք շարունակել միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ քննարկումները: ԵՄ աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է բարեփոխումներ իրականացնել՝ մարդու իրավունքների եւ ազատության, օրենքի գերակայության, ընտրական գործընթացների եւ օրենսդրության կատարելագործման ոլորտներում: Շնորհակալ ենք այդ աջակցության համար եւ ակնկալում ենք, որ ապագայում եւս բարեփոխումները կշարունակվեն»,-ընդգծել է Նալբանդյանը:

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ավելի սերտ համագործակցությունը ԵՄ հետ, սակայն այնքանով, որ դա չխոչընդոտի Մաքսային միությանն անդամակցելուն: «Պատրաստ ենք պահպանել այն նվաճումները, այն առաջընթացը, որին հասել ենք վերջին տարիների ընթացքում՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում»,-եզրափակել է Նալբանդյանը: