Ֆրանսերեն սովորել ցանկացողների համար  «Ալյանս Ֆրանսեզը» բացահայտումների վայր է դարձել, որտեղ հայտնաբերվում են նոր իրողություններ՝ լինի դա կինոյի թե գրականության ոլորտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ հայկական կրթամշակութային «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնում «բաց դռների» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսում:

 «Եւ այժմ «Ալյանս Ֆրանսեզը»  պետք է ոչ միայն շարունակի նախկին քաղաքականությունը, այլեւ խորացնի անմիջական մասնակցությունը կենտրոնի նախաձեռնած ամենատարբեր ծրագրերին: «Ալյանս Ֆրանսեզը» պետք է օջախ դառնա Ֆրանսիայով ու ֆրանսերենով հետաքրքրվողների համար», - նշել է դեսպանն՝ ընդգծելով, որ «Ալյանս Ֆրանսեզը» պետք է խաչմերուկի դեր կատարի բոլոր այդ մարդկանց համար:

Դիվանագետը շնորհավորել է «Ալյանս Ֆրանսեզին» սեպտեմբերի 14-ի կայանալիք «բաց դռների օրվա» կապակցությամբ եւ ընդգծել, որ կցանկանար, որ «Ալյանս Ֆրանսեզում» ամեն օր լիներ «բաց դռների օր»:

«Հուսով եմ՝  «Ալյանս Ֆրանսեզին» կհաջողվի անել այնպես, որ յուրաքանչյուր հայ, Երեւանի  յուրաքանչյուր բնակիչ դառնա կրթամշակութային կենտրոնի հավատարիմ ընկերը»,- եզրափակել է Անրի Ռենոն:

Նշենք, սեպտեմբերի 14-ին «Ալյանս Ֆրանսեզում» ժ. 10:00-18:00-ն կանցկացվի «բաց դռների օր», որի ընթացքում մանրամասն տեղեկություն կհաղորդվի դասերի եւ կրթամշակութային կենտրոնում անցկացվող միջազգային քննությունների մասին:

Կկայանան  բանավոր խոսքի ցուցադրական դասեր, կներկայացվի Ֆրանսիայում կրթություն ստանալու համար ֆրանսերենի իմացության անհրաժեշտ մակարդակը:

Մուտքը կլինի ազատ:

Հայկական «Ալյանս Ֆրանսեզը» ստեղծվել է 2003թ. ապրիլի 2-ին: 2012-ի սեպտեմբերից այն գործում է Երեւանի  Մոսկովյան 3 հասցեում:

 Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am