Ալբանիայի Դյուրեշ քաղաքում գտնվող Ս. Վլաշ վանքում, սեպտեմբերի սկզբին տեղի է ունեցել «Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» կողմից կազմակերպված տարեկան հերթական խորհրդաժողովը, որին մասնակցել են Ուղղափառ եւ Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ ավելի քան 20 երկրներից:

Խորհրդաժողովին Հայ Եկեղեցին ներկայացրել է Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տիրան աբեղա Պետրոսյանը:

Ժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքն է ուղղել Տիրանայի, Դյուրեշի եւ Համայն Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Ամենապատվություն Անաստասիոս Արքեպիսկոպոս Յաննուլատոսը՝ մաղթելով ժողովականներին բեղմնավոր աշխատանք եւ նորանոր հաջողություններ:

Արդեն մի քանի տարի գործող «Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» գլխավոր նպատակն է Ուղղափառ եւ Բողոքական եկեղեցիների միջեւ ձեւավորված հարաբերությունների պատմության կառուցողական արտացոլումը, որն իր հերթին պիտի նպաստի փոխհասկացողության պայմաններում Ավետարանի առավել արդյունավետ քարոզչությանը, ինչպես նաեւ եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ ավետարանչության հետ կապված ինչպես պատմական-աստվածաբանական, այնպես էլ գործնական-հովվական, կանոնական, իրավական, սոցիալական եւ այլ հարցեր: