Հայաստանում «Ալյանս Ֆրանսեզը» ստանում է ինչպես Ֆրանսիայի դեսպանատան, այնպես էլ անձամբ դեսպան Անրի Ռենոյի աջակցությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտարարել է «Ալյանս Ֆրանսեզի» վարչական խորհրդի նախագահ Ստեփան Գիշյանը հայկական կրթամշակութային «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնում «բաց դռների» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Ակնհայտ է, որ առանց Ֆրանսիայի դեսպանատան աջակցության «Ալյանս Ֆրանսեզը» չէր կարող հասնել իր առաջ դրված նպատակներին», - նշել է Ստեփան Գիշյանը՝ շնորհակալություն հայտնելով մամուլի ասուլիսին ներկա  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Հայկական  «Ալյանս Ֆրանսեզի» տնօրեն Սյուզան Գարամյանը նույնպես միացել է Անրի Ռենոյին ուղղված շնորհակալական խոսքերին՝ մեծ աջակցության եւ «Ալյանս Ֆրանսեզի» ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջեւ գոյություն ունեցող   իրական համագործակցության համար: «Ֆրանսիայի դեսպանատունը մեզ համար մեր ծրագրերի իրականացման թիվ մեկ գործընկերն է», - նշել է Սյուզան Գարամյանը, հավելելով, որ  դեսպանատունը կենտրոնին գրադարան է նվիրել, որը հարուստ է գրքերով եւ վիդեոկուրսերով, այն բաց է բոլոր ցանկացողների համար: Հայկական  «Ալյանս Ֆրանսեզի» տնօրենը նաեւ ընդգծել է, որ կենտրոնը միջազգային քննությունների հավատարմագրված կենտրոն է Հայաստանում, որտեղ մարդիկ ֆրանսերենի իմացության քննություն են հանձնում եւ Ֆրանսիայի կրթության նախարարության վկայականներ ստանում, որոնց օգնությամբ կարելի է շարունակել կրթությունը, աշխատել եւ ապրել ֆրանսախոս պետություններում:

Նշենք, որ 2012թ. սեպտեմբերից կրթամշակութային կենտրոնը գործում է  Մոսկովյան 3 հասցեում՝ Երեւանի կենտրոնում: «Ալյանս Ֆրանսեզի» հիմնական նպատակն է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերի հաստատումը, պահպանումը եւ ամրապնդումը: