Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը մարտի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրերի նախարար դր. Ռաշեդ Ահմադ բին Ֆահադի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե նկատի ունենալով, որ նշյալ նախարարությունը համակարգում է նաեւ գյուղատնտեսության բնագավառը, Հայաստանի դեսպանը նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են հայկական գյուղատնտեսական մթերքի ԱՄԷ արտահանման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտի մասնագետների փոխայցելությունների կազմակերպմանն ու աշխատանքային հանդիպումների անցկացմանը վերաբերող խնդիրներ:
Հանդիպման ընթացքում նախարարին փոխանցվել է նաեւ Հայաստանի փոխվարչապետի նամակը:


























