Ամերիկյան Յուտա նահանգի Վուդս Քրոս քաղաքում 29-ամյա կինը հրաշքով փրկվել է այն բանից հետո, երբ նրա մեքենային իրար հետեւից երկու գնացք են բախվել: Իրավապահները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ կին վարորդին ոստիկանների հետապնդման ժամանակ: Նրանց խոսքով՝ զարմանալի է, բայց արդարադատությունից փախչող կինն այդքան ուժեղ վթարից հետո ընդամենը ձեռքի կոտրվածք է ստացել, հայտնում է Live Leak-ը:
Ըստ ոստիկանների`տեղական ժամանակով 08:20-ին իրենց բաժանմունքը զանգ է ստացել, որ թաղամասի բնակիչներից մեկի տանն անկոչ հյուր է հայտնվել եւ չի ցանկանում լքել բնակարանը` չնայած տիրոջ խնդրանքներին եւ ոստիկանություն զանգահարելու սպառնալիքներին:
Բնակիչների անդորրը խաթարողը կին էր, որը հեռախոսազանգից հետո որոշել էր փախչել, սակայն ոստիկանները հայտնաբերել էին նրա Mercedes մակնիշի մեքենան: Կնոջը որոշ ժամանակ հետապնդել էին, հետո նա անսպասելի հայտնվել էր երկաթգծերին`դեմ-հանդիման դուրս գալով գնացքին եւ չհասցնելով արգելակել, հաղորդում է NEWSru.com-ը:
«Սկզբում մեքենային է բախվել բեռնատար մի վագոն, իսկ քանի դեռ մենք փորձում էինք դուրս բերել աղջկան, մեքենային է հարվածել երկրորդ գնացքը եւ այն քարշ տվել իր հետեւից», - ասել է քննիչ Ադամ Օսորոն: Ընդ որում, կնոջ մեքենան լուրջ վնասվել էր, որը երկար ժամանակ չէին կարողանում հանել գնացքի տակից: Օսորոն հավելել է, որ ներկայումս կինը հիվանդանոցում է, ուր նրան տեղափոխել էին անմիջապես վթարից հետո:





























