Սոմալիից երկու մահապարտ-ահաբեկիչներ պայթել են` չհասնելով ահաբեկչության վայր:

Ըստ Եթովպիայի իշխանությունների` ահաբեկիչները ծրագրել էին պայթյուն կազմակերպել Ադիս Աբեբայում Նիգերիայի եւ Եթովպիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ տեղի ունեցած խաղի ժամանակ, որը կայացել է հոկտեմբերի 13-ին: Մահապարտները ծրագրել էին  ահաբեկչությունն իրականացնել կամ մարզադաշտում, կամ էլ այն վայրերից մեկում, որտեղ հավաքվում են տեղի բնակիչները` խաղը դիտելու համար: 

Սակայն երբ մահապարտները գտնվել են մարզադաշտից 5 կմ հեռավորության վրա, պայթյուն է որոտացել, երկու ահաբեկիչներն էլ տեղում մահացել են: Ենթադրվում է, որ քաղաքում մեծ թվով ոստիկաններ տեսնելով, նրանք շփոթվել են եւ պատահաբար գործի դրել պայթուցիկ սարքը, հաղորդում է  lenta.ru-ն:

Դեռ պարզ չէ, թե արդյոք մահապարտները  պատկանել են որեւէ ահաբեկչական կազմակերպության: Ադիս Աբեբայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են ձեռքի նռնակներ, ֆուտբոլին վերաբերվող նյութեր եւ զենք: Ոստիկանությունը կալանավորել է ահաբեկչության կազմակերպման երեք կասկածյալների: