Չինաստանում անվասայլակով անդամալույծին դատապարտել են վեց տարի ազատազրկման այս տարվա հուլիսին Պեկինի օդանավակայանում ինքնաշեն ռումբ պայթեցնելու համար:
32-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կանխամտածված պայթյուն կազմակերպելու մեջ, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ տղամարդը ռումբն օդանավակայան էր բերել, երբ հաստատության աշխատակիցներն արգելել էին նրան իր վիճակի վրա ուշադրություն գրավող թռուցիկներ սոսնձել պատերին: Պայթյունի արդյունքում միակ տուժողը եղել է ինքը դրա հեղինակը:
Դատապարտյալի խոսքով՝ նա վաղուց է, ինչ փորձում է արդարության հասնել. 2005-ին նրան ծեծի են ենթարկել ոստիկանները, ինչի արդյունքում էլ նա անդամալույծ է դարձել:
Հաշմանդամը Պեկինի օդանավակայանում պայթյուն է կազմակերպել ոստիկանների «դաժան վերաբերմունքի» պատճառով: Այս միջադեպը լայն արձագանք է ստացել հանրության շրջանում:





























