Ֆրանսիայում չինացի երկու զբոսաշրջիկի են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերել են մեկ եվրո արժեքով մետաղադրամների կույտ:  Նրանց կասկածել են կեղծ դրամներ սարքելու մեջ,  սակայն մետաղադրամներն իսկական են եղել:

Փարիզի արեւելքում գտնվող Բանիոլե հյուրանոցի տերը  ոստիկանություն է զանգահարել, երբ զբոսաշրջիկները հյուրանոցում իրենց մնալու երկրորդ օրվա հաշիվը՝ 70 եվրո, փորձել են մանրադրամով վճարել: Նույն կերպ նրանք վճարել էին նաեւ առաջին օրվա համար:

Չինացի զբոսաշրջիկների սենյակում մեկ եվրո արժեքով 3700 մետաղադրամ է հայտնաբերվել:

Զբոսաշրջիկները բացատրել են, որ փողերն իրենք Չինաստանում ստացել էին մետաղի ջարդոնների առեւտրով  զբաղվողներից, որոնք հաճախ են կորած դրամներ գտնում Եվրոպայից բերված մեքենաներում:

Մետաղադրամներն ստուգած բանկային փորձագետները հաստատել են դրանց իսկական լինելը:

 BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Եվրոպայից Չինաստան մետաղյա ջարդոնների համար ամեն տարի հազարավոր մեքենաներ են ուղարկվում: Դրանք մանրազնին հետազոտվում են, եւ հավանաբար, մեկ եվրո արժողությամբ մետաղադրամները ամենաարժեքավոր բանն է, որ գտնվում են մեքենաների ստուգումից հետո: