Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը նոյեմբերի 6-ին դասախոսությամբ հանդես է եկել կանադական Քվեբեք Սիթիի Լավալ համալսարանում` ի նշանավորումն համալսարանի քաղաքական համակարգերի ուսումնասիրության կենտրոնի շրջանակներում Հայաստանի ուսումնասիրության խմբի ձեւավորման:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր դասախոսության շրջանակներում դեսպանը հակիրճ անդրադարձել է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն էջերին, ներկայացրեց հայ-կանադական երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ Հայաստանի հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: Դասախոսությանը հաջորդած հարց ու պատասխանի եւ կլոր սեղանի ընթացքում դեսպանը պատասխանել է նորաստեղծ խմբի ներկայացուցիչների, ինչպես նաեւ այլ ներկաների հարցերին: Դեսպանը քննարկումներ է ունեցել նաեւ համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Ֆրանսուա Բլեյի եւ նորաստեղծ խմբի ղեկավար Ֆրանսուա-Պիեր Կարտոլանոյի հետ:
Քվեբեք Սիթի այցելության շրջանակներում դեսպանը այցելել է եւ ծաղկեպսակ տեղադրել Կոմիտասին նվիրված հուշարձանին:
Հայաստանի ուսումնասիրության խմբի անդամների հետ քննարկվել են Լավալ համալսարանի եւ հայկական ԲՈՒՀ-երի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:





























